250 միլիոն դոլարի վնաս ունեցող ՀԷՑ-ին վարձակալությամբ «Լեքսուս»-ներ ու թանկարժեք այլ մեքենաներ տրամադրած «ԷՔԹՐԱՔ սերվիս» ընկերությունը հիմնադրվել է օֆշորային գոտում՝ Վիրջինյան կղզիներում։ Հետագայում ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի սեփականատեր է դարձել Գեղամ Կարապետյանը և 2011 թվականից շարունակ հաղթել է ՀԷՑ-ի մրցույթներում ու մեքենաներ տվել վարձակալության՝ 9 մեքենայի դիմաց ստանալով մոտ 450 միլիոն դրամ։ Ընկերության գրասենյակը գտնվում է ՀԷՑ-ի գլխավոր մասնաշենքում։ Թրանսփարենսի ինտերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Արտակ Մանուկյանը, համադրելով փաստերը, չի բացառում, որ երկու ընկերությունները փոխկապակցված են․«Կարծես թե, հենց ստեղծված է նրա համար, որ միայն ծառայություններ մատուցի ՀԷՑ-ին: Եթե ավելի խոր ուսումնասիրում ենք, նկատում ենք՝ ստեղծված է, որ ՀԷՑ-ը ինքն իրեն ծառայություններ մատուցի»: Հակակոռուպցիոն կենտրոնն ուսումնասիրելով գնումների ոլորտը՝ բացահայտել է, որ ՀԷՑ-ի հայտարարած բոլոր մրցույթներում լավագույնը ճանաչված ընկերությունը վերջին 4 տարում որևէ այլ ընկերության ծառայություն չի մատուցել․«Այս ընկերությունը նույնիսկ հայտ էլ չի ներկայացնում որևէ մրցույթի մասնակցելու»:
Վարձով մեքենաներ տրամադրող «ԷՔԹՐԱՔ սերվիս»-ը ֆինանսների նախարարությունում գրանցված է որպես շինանյութերի առքուվաճառքով զբաղվող ընկերություն։ Փորձագետ Մանուկյանի խոսքով՝ նման դեպքերը Հայաստանում շատ են․ «Մեծ հավանականություն կա, որ մենք ականատես ենք դասական տեսքով կոռուպցիոն երևույթների»: ՀԷՑ-ին վարձակալությամբ մեքենաներ տրամադրող ընկերության սեփականատեր Գեղամ Կարապետյանը վստահեցնում է, որ ռուսական ընկերության հետ ներքին պայմանավորվածություն չունեն, իսկ միևնույն շենքում հայտնվել են պատահաբար։ «Մեր հարաբերությունները ընենց չեն, որ իմ հորողբոր տղեն է Հայցանցը, ինձի ինչ-որ նվեր ա․․․ Մենք ուղղակի ստեղ վարձակալել ենք», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա՝ վստահեցնելով, թե շուկայականից մի քանի անգամ էժան գնով է տվել իր մեքենաները:
Կարապետյանը օրենքի խախտում չի համարում, որ շինանյութերի ներկրմամբ զբաղվող ընկերությունը ավտոմեքենաների վարձույթ է իրականացնում. «Ի՞նչ կապ ունի: Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է, ցանկացած գործունեություն կարող է իրականացնի»:
Վարձակալության հանձնված մեքենաների ցուցակում ամենաթանկը «Լեքսուս» ամենագնացն է, որի դիմաց ՀԷՑ-ը տարեկան վճարել է 9,5 մլն դրամ, «Տոյոտա Պրադո» և «Քեմրի» մեքենաների տարեկան վարձավճարը կազմել է 6 և 4 միլիոն դրամ։ Ռուսական ընկերությանը պատկանող ՀԷՑ-ը վարձակալել է նաև ռուսական արտադրության 4 մեքենա, որոնց համար տարեկան վճարել է 5 մլն 760 հազար դրամ։ Բաշխիչ ընկերությունը վարձակալության ընթացքում վճարել է նաև մեքենաների լվացման, շահագործման, վառելիքի և ապահովագրության գումարները և բոլոր ծախսերը ներառել սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագինը 17 դրամով բարձրացնելու՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացված հայտում։